Naira KocharDichterin
Auf dem Flügel des Lichts
Dichterin

Auf dem Flügel des Lichts

Naira Kochar

©️Naira Kochar, 2025, Gedichte

15 €

Auszug

Փակի՛ր աչքերդ։ Շնչիր խորը, արտաշնչիր մեղմորեն։ Թող աշխարհը մի պահ լռի։ Ձեռքդ դիր սրտիդ։ Զգացի՞ր՝ ինչպես է զարկում։ Զգացի՞ր՝ ողջ ես։ Այդ զարկերի մեջ կա ինչ-որ սուրբ ու խոստումալից բան։ Զգա քո մարմի ներկայությունը՝ այստեղ, այս պահին։ Թող այս պահը չլինի միայն գրքի ընթերցանության սկիզբ, այլ նաև հանդիպում. հանդիպում քեզ հետ, քո լռության հետ և այս գրքի ներսում ապրող բառերի հետ։

Դու հիմա մտնում ես մի տարածք, որտեղ բառերը շնչում են, և լռությունն անգամ ասելու բան ունի։ Ես այստեղ եմ՝ բառերի միջոցով, դու՝ քո ներաշխարհով։ Ծանոթանանք... Այս գիրքը մի թռիչք է՝ Լույսի թևին

Այս ճանապարհին ես ունեմ չորս ուղեկից. • Սեր առ Աստված՝ որպես կյանքի իմաստ։ • Սեր առ Հայրենիք՝ որպես ազգային ինքնություն ու կարոտ: • Խոհափիլիսոփայություն՝ որպես ներաշխարհի բացահայտում։ • Եվ սեր՝ որպես սրտի լեզու։

Յուրաքանչյուր բաժնի վերջում քեզ հատկացված են մաքուր էջեր՝ ոչ թե որովհետև ասելիքս ավարտվեց, այլ պարզապես քեզ լսելու ժամանակն է։ Գրիր այնտեղ քո աղոթքը, հիշողությունը, մտածմունքը կամ սիրո խոստովանանքը։ Թող այս գիրքը դառնա նաև քոնը՝ քո ներսի լույսով գրված։

Դե ինչ, իմ սիրելի ընթերցող, թող այս էջերը լույսի կանթեղ դառնան քո ճանապարհին։ Եթե երբևէ հոգումդ խավար լինի, հիշիր, որ միշտ կա մի թև, որ բարձրացնում է վեր։ Սա իմ պատմությունն է, բայց հիմա՝ նաև քոնը։ Ապրի՛ր այն, գրի՛ր այն, ու թռիչքդ թող անխափան լինի՝ Լույսի թևին։

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ Ինքս իմ հոգու հետ պայման կապած՝ Ճանապարհ ընկա դեպ հանգստություն, Ինձ լույսի շեմին ծնկած ես գտա՝ Հաշտ ու համերաշխ, փարված ՔՈ սիրուն։ Հիմա հանգիստ եմ... Անդորր ներշնչող մեղմությամբ տարված, Պաշտպանված կյանքի հոգսերից անկոչ, Լիարժեքության զգացումին տրված՝ Հանգիստ եմ հիմա քո լույսի ներքո:

ԵՍ ԵՎ ԴՈՒ Դու՝ թանկարժեք մի ծաղկաման, Ես` մի հարված: Դու՝ սարդոստայն՝ բարակ հյուսված, Ես` թեթև շունչ: Դու՝ սառույցից կերտված արձան, Ես` հրե շող: Դու՝ պողպատե ահարկու թուր, Ես՝ ժանգի շերտ: Դու՝ երկնքում բազմած գորշ ամպ, Ես` կտրուկ կայծ: Դու՝ ձյունածածկ մի դաշտավայր, Ես` ոտնահետք: Եվ, ի վերջո, Դու հարթ լիճ ես, Ես` քո դեմքին նետված մի քար:

ԱՆԱՆՑ ԴՌՆԵՐ Փորձեցի բացել մեր առաջ փակված  Բոլոր դռները, Իսկ դու իմ առաջ բացեցիր միայն Պատուհանները։ Իմ առջև իմ իսկ բացած դռները Հերթով փակեցիր, Ինձ պատուհանով ներսուդուրս անել Դու սովորեցրիր։ Մի օր քերծվածքս վիրակապեցիր, Մեկ այլ օր՝ միտքս, Մի օր ապակին ճաքած փոխեցիր, Մեկ օր էլ՝ սիրտս։ Դռները հերթով քեզ ցույց տվեցի, Դու անտեսեցիր, Բանալիներն էլ բուռդ դրեցի, Երկտակ կողպեցիր։ Դռան այն կողմում մնացիր կանգնած, Ես էլ՝ այս կողմում, Սիրո այն կողմում մնացիր սիրված, Ես էլ՝ այս կողմում։